Norq Magazine

Norq Magazine

Share

31/12/2025

ՆՈՐՔ - 4/2025
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

ՆՈՐՔի տարեվերջի համարի խմբագրականից միշտ փորձել եմ խուսափել, փոխարենը՝ բարեմաղթանքներով զարդարված տոնածառ տնկել էջիս ու փակել այն՝ բառիս բոլոր իմաստներով։ Դե, որովհետև․․․ Դեկտեմբեր է՝ մոլորված մի ժամանակամիջոց, կոգնիտիվ դիսոնանսով տառապող ամիս, որն ինքն էլ չգիտի, թե ով է․ մի կողմից տարվա վերջինն է, մյուս կողմից՝ ձմռան առաջինը, նորածին աքսակալ, ով ունի ամփոփիչ խրատների մի ամբողջ փափախ, բայց չի պատգամում, որովհետև դեռ խոսել չգիտի։
Ես էլ պարտադիր վարակվում եմ դեկտեմբերից (չգիտեի՞ք, որ կոգնիտիվ դիսոնանսը վարակիչ է), ու կենդանակերպի իմ երկվորյակներին գումարվում են ևս երկուսը (երբեմն՝ երեքը, չորսը․․․), ու միմյանց հրմշտելով՝ թերթել են տալիս իրարամերժ տրամադրությունների մենյուն։ Կարող ես ընտրել տագնապը ու գրել քաղաքականության մասին, կամ՝ անդորրը ու խորհուրդ տալ վերջերս դիտածդ մի քանի հոյակապ ֆիլմեր, կամ՝ զզվանքը ու հայհոյել այսօրվա ժուռնալիստիկան, կամ՝ փիլիսոփայելը ու փորձել հասկանալ, թե ինչու են դառնում տերտեր, եթե դժոխք ընկնելու հազար ու մի ուղիղ ճանապարհ կա, կամ՝ կատաղությունը ու ցցահան անել «այսինչլեզվից» իբր թարգմանիչներին, երբ ակնհայտ է, որ նրանց փոխարեն աշխատել է լավագույն դեպքում AI-ն (այ, սրանց մասին անպայման խոսելու եմ հաջորդ համարի խմբագրականում), կամ՝ հրճվանքը ու խոստովանել, որ նախկինում կասկածելի թվացող մարդու անսպասելի ազնվությունը բացահայտելը՝ երջանկության պես մի բան է, կամ՝ կարոտը ու պատմել մանկությանդ պահերից ամենաշքեղը, երբ դեկտեմբերի 31-ի երեկոյան, անտոնածառ ու արդեն հուսալքված, հանկարծ տեսնում ես դանդաղեցրած կադրով բացվող դուռը ու ներս մտնող հորդ՝ ձյունապատ, ուժասպառ, իսկական եղևնին գրկած․․․
Թերևս, միայն մանկության դեկտեմբերն է, որ ոչ մի ավելորդ տրամադրություն իր հետ չի բերում, և ուրեմն․
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Եվ խաղաղություն մեր համբերատար մոլորակին։

Լիլիթ Հովսեփյան

ՆՈՐՔի այս համարում․ Հրաչ Բեգլարյան, Զուխրա Երվանդյան, Արմեն Դարբինյան, Դիանա Համբարձումյան, Արմեն Դավթյան, Դավիթ Սարգսյան։ Թարգմանություն բաժնում․ Հասմիկ Մարկոսյան, Գոթհոլդ Էֆրաիմ Լեսսինգ։

09/04/2024

ՆՈՐՔ - 1/2024
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

Օրերս մի ամերիկյան ֆիլմ դիտեցի՝ փաստաբանների և հարակից մասնագետների առօրյայի մասին։ Ֆիլմը գեղարվեստական էր և, բնականաբար, հագեցած մարդկային՝ գույները խտացած կրքերով ու մասնագիտական գերբնական տաղանդների դրսևորումներով, սակայն ինձ ավելի շատ, քան սյուժեն, լարված պահեցին, իսկ հետո մտորումների առիթ տվեցին մի քանի երևույթներ, որոնց մասին մեր և արևմտյան գրեթե բոլոր երկրների հասարակությունների պատկերացումները տարբերվում են։
Մեկը՝ ժամանակի շնչի ու ռիթմի զգացողությունն է։ Ֆիլմում, իհարկե, հերոսներն այնքան արագ էին հայտնվում պահանջված տեղում, որ Չիկագո քաղաքը իր չափսերով Երևանի սակավաբնակ արվարձան էր հիշեցնում, սակայն դա միայն ընդգծում էր մարդկանց և հատկապես՝ գործի մարդկանց անձնական պատասխանատվության կարևորության գիտակցման աստիճանը։ Մասնագիտական, քաղաքական կամ բիզնես մրցակցությունն է արհեստավարժ այն մտրակը, որ թույլ չի տալիս հորանջելով տեղափոխել այսօր նախատեսված հանդիպումը կամ աշխատանքը վաղվան․ տեղափոխեցիր՝ կուշանաս, հորանջեցիր՝ կկորցնես, որովհետև դու միակը չես և ոչ էլ անփոխարինելին։
Մյուսը՝ սեփական կարծիք ունենալու շռայլությունն է։ Մեր տիպի հասարակություններում այն ներկայանում է իբրև մի անբեկանելի սկզբունք, որովհետև փոփոխվելու իրավունք չունի։ Իրականում սեփական կարծիք ունենալը հատուկ է ոչ այնքան սկզբունքային մարդկանց, ինչը մեզանում տարածված համոզմունք է և այդ իսկ պատճառով՝ միմյանց կոկորդ կրծելու պատրվակ, որքան լայնախոհ, իրենց կարծիքը փոխելու ազատությունը գիտակցող ու գնահատող մարդկանց։ Չէ՞ որ դա քո սեփականությունն է, ուրիշի գաղափարների ոչ ծնունդ է, ոչ էլ ստրուկ, և ուրեմն ինչպես կուզես, այնպես էլ կտնօրինես՝ մինչև անգամ ինքդ քո մասին կարծիքդ փոխես։
Երրորդը՝ ներողություն խնդրելու շնորհքն է։ Եվ ներելու՝ երբ քեզ խնդրում են։ Պարզ ու հասարակ մի գործողություն, որից հետո երկուսիդ շունչը բացվում է, ուղեղը պայծառանում է, իսկ ամենակարևորը՝ հաղթող չկա։ Իմ գերմանացի ընկեր Դիտմարը, որի սուր լսողությունը երեք շաբաթ Հայաստանում մնալու ընթացքում որսացել էր հայերենում ամենահաճախակի օգտագործվող «բայց» բառը, մի օր խոստովանեց․ «Գիտես, ձեզ հետ միշտ պիտի զգուշավոր լինել՝ դուք ոչինչ անվերապահորեն չեք ընկալում, ծոցում միշտ «բայց» ունեք պահած՝ կարծես վախենում եք նահանջի ճանապարհը կորցնել»․․․

ՆՈՐՔի այս համարում․ Ռուբեն Գինեյ, Արմեն Դարբինյան, Ռաֆայել Սահակյան, Արթուր Արմին, Կարինե Խոդիկյան, Վարդիթեր Գիշյան, Մանվել Միկոյան։ «Նորք-ռետրո» (1979 թ․) բաժնում՝ Զորայր Խալափյան։

Լիլիթ Հովսեփյան

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Baghramyan Avenue , 3
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00