Gevorg Barseghyan Travel Blog
30/07/2022
Սիսիանի շրջանը նախկին ՀԽՍՀ վարչական բաժանմամբ Հայաստանի ամենամեծ շրջանն է՝ 1.719 կմ² մակերեսով։ Համեմատության համար, 3 նախկին շրջան ներառող ներկայիս Արմավիրի մարզի տարածքը 1.242 կմ² է։
Այն հսկայական տարածք է զբաղեցնում, որից սովորաբար մենք տեսնում ենք միայն դաշտերի միջով անցնող մոտ 55 կմ մայրուղու հարակից տարածքը, այն էլ՝ Սյունիք կամ Արցախ գնալիս՝ մեքենայի պատուհանից։
Դրա համար որոշեցի մի քանի օր թափառել այս շրջանի ողջ տարածքով ու մանրամասն ծանոթանալ տեղանքին։
Այսօր՝ շրջագայությանս երրորդ օրը, եղա Աղիտու, Որոտնավանք, Շամբ, Լծեն, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ, Ույծ, Անգեղակոթ, Շաղատ գյուղերում։
Հատկապես տպավորիչ են ձորակներով դեպի վեր բարձրանալիս բացվող՝ Զանգեզուրի լեռնաշղթայի մերձալպյան բնապատկերները՝ հայ-նախիջևանական սահմանի անմիջական հարեւանությամբ։
Շատ դուրս եկան Որոտանի վրա 19-րդ դարում կառուցված Մելիք Թանգու կամուրջը՝ իր բրուտալ ժայռոտ շրջակայքով ու Անգեղակոթ գյուղից բացվող մայրամուտի տեսարանը։
29/07/2022
Այսօր ամբողջ օրը շրջել եմ Սիսիանից դեպի Նախիջևանի սահման ընկած տարածքով՝ Սիսիան գետակի երկայնքով՝ մինչև Աղոթարան լեռ։
Այս հատվածում գտնվող Թանահատ գյուղում (նախկինում՝ Ջոմարդլու) 1923թ. ծնվել է Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևը։
Չնայած ադրբեջանական քարոզչության պնդումներին, Ալիևները Թանահատում բնիկ չեն եղել, այլ տեղափոխվել են Նախիջևանից։
Տեղացի տարեց տղամարդու պնդմամբ, լուսանկարում պատկերված ավերակ հողաշեն տունը հենց այդ տունն է։
26/06/2021
Օր 3. Արցախից Սյունիք
Ստեփանակերտում կես օր էլ անց կացրեցի։ Չնայած քաղաքը նախկինից ավելի մարդաշատ ա, տուրիստներ ու ՀՀ-ից ժամանած ուիքենդ անց կացնողներ գործնականում չկան։ Մինչդեռ ինձ թվում էր, թե օրերի տաքանալուն զուգահեռ Երևանից մեծ հոսք պիտի որ գնար։ Գնացեք Արցախ։ Նախ դա շատ հետաքրքիր ա, տարբեր ա։ Երկրորդը՝ Արցախն ունի այցելուների կարիքը՝ թե՛ դրամական հոսքերի տեսանկյունից, թե՛ հոգեբանական առումով։
Ինձ թվում ա՝ Ստեփանակերտը Երևանից հետո երկրորդ ԱՄԵՆԱՔԱՂԱՔ քաղաքն ա։ Նկատի ունեմ՝ մայրաքաղաք [վարչական կենտրոն] լինելու հաշվին Ստեփանակերտը շահեկանորեն տարբերվում ա ՀՀ երկրորդ քաղաք Գյումրիից ու իմ հայրենի Վանաձորից: էստեղ չի զգացվում պրովինցիալ հետխորհրդային գաղջը, չկան լքված արդյունաբերական տարածքներ, ենթակառուցվածքները մաքսիմալ խնամված են, իսկ ուրբանիստիկայի տեսանկյունից քաղաքը շատ հարմարավետ ու մտածված ա կառուցված։
Դե ինչ, հիմա հետ եմ եկել ՀՀ, բայց կգիշերեմ Սյունիքի բարձրավանդակի ծաղիկներով պատված էս անծայրածիր սարահարթում՝ մեքենայիս հսկայական բեռնախցիկ-բնակարանում։
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
12 Aram Khachatryan Street
Yerevan
0010