Legal Triangle
18/01/2021
Ազգանվան փոփոխությունը ամուսնությունից հետո. իրավունք թե՞ «սովորութային» պարտականություն:
📜Պատմական ակնարկ: Ամուսնանալուց հետո կնոջ ազգանվան փոփոխության պրակտիկան առաջացել է Անգլիայում՝ կրելով պարտադիր բնույթ: Օրենքին հավասարեցված այս սովորույթը հիմնավորվում էր նրանով, որ ամուսինները «մեկ ամբողջություն են» և չպետք է ունենան տարբեր ազգանուններ: Իսկ այդ ժամանակաշրջանի պատրիարխիկ հասարակության մեջ չէր կարող հարց առաջանալ, թե ինչու հենց տղամարդու ազգանունը պետք է ամբողջացնի զույգերին ու դառնա ընդհանուր:
📈Զարգացում: Հարվարդի որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 1975-1990թթ. կրթություն ստացած կանանց 80-90% նախընտրել են պահպանել իրենց սկզբնական ազգանունը: Հետագա զարգացումների և ֆեմինիստական շարժումների արդյունքում, տարբեր օրենսդրություններում տվյալ սովորույթն ամրագրվեց այլ տեսքով, որտեղ ազգանվան փոփոխությունը ամուսինների իրավունք էր և վերջիններս կարող էին ազատորեն,սեփական կամքով ընտրել իրենց ազգանունը:
📍Ներպետական կարգավորում: ՀՀ ընտանեկան օրենսգրքում ձևակերպվում է, որ ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը։ Սակայն անգամ նման հստակ ձևակերպման պարագայում, որտեղ ազգանվան ընտրությունը ամուսինների համար հավասար իրավունք է, այնուամենայնիվ իրականությունն այլ է. մասնավորապես, ՀՀ-ում հասարակության մեծ մասը համոզված է, որ
ամուսնությունից հետո ազգանվան փոփոխությունը կնոջ «չգրված» պարտականություններից է:
⚖️ՄԻԵԴ դիրքորոշում: Լեվենթօղլու Աբդուլկադիրօղլին ընդդեմ Թուրքիայի (Leventoğlu Abdulkadiroğlu v. Turkey) գործով բողոքաբերը նշել է, որ ցանկանում է պահպանել այն ազգանունը, որով հայտնի է իր մասնագիտական և ակադեմիական կյանքում, սակայն ներպետական օրենսդրությամբ չունի այդ իրավունքը: Եվրոպական դատարանն այս կապացությամբ արձանագրել է, որ Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի այն հոդվածը, որով տղամարդուն թույլատրվում է ամուսնությունից հետո պահպանել իր ազգանունը, իսկ կինը պարտավոր է վերցնել իր ամուսնու ազգանունը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, այն է՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք: Մեկ այլ նմանատիպ գործով ( Ünal Tekeli v. Turkey) արձանագրվել է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի խախտում:
#ՄարդուԻրավունքներևԱզատություններ
17/01/2021
#ՄարդուԻրավունքներևԱզատություններ
Կյանքի իրավունքը և դրա պաշտպանությունը պետության կողմից. Մահապատիժ
🔈Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ: Կյանքի իրավունքը պատկանում է իրավունքների այն խմբին, որը բխում է մարդու բնական կարգավիճակից, այսինքն՝ յուրաքանչյուր ոք իր ծնված լինելու ուժով օժտված է կյանքի իրավունքով: Այս իրավունքի պաշտպանությունը պետության պոզիտիվ պարտականությունն է: Մասնավորապես հարկ է անդրադառնալ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով տրված կարգավորումներին՝ նշելով, որ ՄԻԵԿ-ն ունի հռչակագրային և ոչ համապարտադիր բնույթ։
🔺ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածն ամրագրում է, որ՝
1.Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Մինչդեռ ՄԻԵԿ-ի՝ կյանքի իրավունքը երաշխավորող երկրորդ հոդվածի երկրորդ մասով մահապատիժը նախատեսված է որպես կյանքի իրավունքի սահմանափակման միջոց:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ՄԻԵԿ-ն ընդունվել է 1948 թվականին, իսկ որոշ փոփոխություններ, լրացումներ իրականացվել են միայն լրացուցիչ արձանագրությունների միջոցով:
🏳️ՄԻԵԿ 6-րդ արձանագրությունն ամրագրեց, որ մահապատիժը խաղաղ ժամանակահատվածում արգելվում է, իսկ ՄԻԵԿ 13-րդ արձանագրության համաձայն՝ (...) մահապատիժն արգելվեց և’ խաղաղ, և’ պատերազմական իրավիճակներում: Հայաստանը ստորագրեց վերջին արձանագրությունն առանց այն վավերացնելու:
Այսպիսով, ՄԻԵԴ պրակտիկան ուղղված է մահապատժի արգելմանը։
🔼 Նույնիսկ վերոնշյալ արձանագրությունների ստեղծման պարագայում, ՄԻԵԴ պրակտիկայում խնդիրներ առաջացան որոշ երկրների կողմից այն չվավերացնելու և հետևաբար մահապատժի կիրառման պրակտիկան չդադարեցնելու կապակցությամբ: ՄԻԵԴ-ը Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործով, նշեց՝ «Խաղաղ պայմաններում մահապատիժը համարվել է անընդունելի, եթե ոչ անմարդկային պատժի ձև, որն ԱՅԼԵՎՍ թույլատրելի չէ ՄԻԵԿ 2-րդ հոդվածով»՝ այսպիսով ձևավորելով նախադեպ հետագա նմանատիպ գանգատների համար: Տվյալ որոշման կայացման նախադրյալներից է եղել այն, որ Եվրոպայի խորհրդի երկրների միջև վերոնշյալ հարցով առկա է կոնսենսուս:
🗞Սահմանադրության 2-րդ գլխի, այն է՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հասցեատերը պետությունն է, տվյալ իրավունքների ամրագրումը ենթադրում է, որ պետությունը մի դեպքում պետք է զերծ մնա անձանց կողմից դրանց իրացմանը խոչընդոտելուց, մյուս դեպքում՝ սահմանի և ապահովի անհրաժեշտ պայմաններ մեր որոշակի իրավունքի իրացման համար:
Կյանքի իրավունքի պարագայում պետությունը պիտի զերծ մնա անձանց կյանքի իրավունքին ապօրինի միջամտելուց, մյուս կողմից ապահովի այլոց կողմից կյանքի իրավունքին չխոչընդոտելը, իսկ նման խոչընդոտների դեպքում այդ կապակցությամբ իրականացնի արդյունավետ քննություն:
❓Արդյո՞ք անձի մահվան դեպքում, կյանքի իրավունքի պաշտպանությունն ավարտվում է:
❗️Օր.՝ Կ. -ի կողմից տեղի է ունեցել Մ. -ի սպանություն: Պետությունը պատշաճ քննություն չի իրականացնում վերոնշյալ սպանության կապակցությամբ, կամ իրականացնում է թերի քննություն և այն պայմաններում, երբ կան բոլոր հիմքերը Կ.-ին պատժի ենթարկելու համար, որևէ գործիքակազմ գործի չի դնում: Այստեղ a priori կարելի է արձանագրել, որ պետության կողմից թույլ է տրվել Մ.-ի կյանքի իրավունքի խախտում, հետևաբար անձի մահը հիմք չէ նրա կյանքի իրավունքի պաշտպանության դադարեցման համար:
04/11/2020
📍Ռազմագերիների իրավական կարգավիճակն ու պաշտպանությունը. Արդյո՞ք վարձկաններն ունեն ռազմագերու կարգավիճակ։
🔍 Ռազմագերիների իրավական պաշտպանության մասին դրույթները տեղ են գտնում Ժնևյան 3-րդ կոնվենցիայում, ինչպես նաև 1977 թվ.-ի լրացուցիչ արձանագրությունում:
Ռազմագերիները հիմնականում այն անձինք են, ովքեր մասնակցում են ռազմական գործողություններին կողմերից մեկի կազմում , որի ընթացքում հայտվում են հակառակորդի մոտ: Այն անձինք, ովքեր ունեն ռազմագերու կարգավիճակ ցանկացած պարագայում պետք է արժանանան մսրդասիրական վերաբերմունքի, մասնավորապես՝ ռազմագերիները պետք է պաշտպանված լինեն բռնության կամ վախ առաջացնող գործողություններից, վիրավորանքներից, հասարակական հետաքրքրասիրությունից: Միջազգային մարդասիրական իրավունքը նաև սահմանում է այն մինիմալ պայմանները, որոնք պիտի ապահովվեն նրանց գերության վերցրած տերությունների կողմից( օր.՝ սնունդ, հագուստ, հիգիենա): Ռազմական ակտիվ գործողությունների ավարտվելուն պես պետք է տեղի ունենա ռազմագերիների ազատ արձակումն ու վերադարձը:
❌ Ռազմագերիների նկատմամբ վրեժխնդիր վերաբերմունքն արգելված է: Ցանկացած ապօրինի գործողություն կամ անգործություն ռազմագերիների նկատմամբ, որը կհանգեցնի վերջիններիս մահվան կամ լրջորեն կվտանգի նրանց առողջությունը կհամարվի վերը հիշատակված կոնվենցիայի լուրջ խախտում, և չնայած նրան, որ կոնվենցիան չունի պատժիչ դրույթներ, դրա լուրջ խախտումը(օր.՝ անմարդկային վերաբերմունքը, ներառյալ կենսաբանական փորձերը, կամ ռազմագերիներին ստիպելը ծառայել թշնամական պետության կազմում) դասվում են պատերազմական հանցագործությունների շարքին, իսկ կոնվենցիայի առանձին խախտումներ օրինախախտ կողմի համար կարող են հանգեցնել առևտրային և այլ տնտեսական սանկցիաների կիրառման:
💵 Վարձկանները, ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, չունեն ռազմագերու կարգավիճակ և չունեն նաև որևէ այլ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար իրենց պաշտպանությունը գտնել Ժնևյան կոնվենցիաների ներքո, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք հիվանդ կամ վիրավոր են: Չնայած դրան նրանք միշտ պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի:
Հիշեցնենք նաև, որ Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման (ուսուցման) դեմ միջազգային կոնվենցիայի համաձայն վարձկանների ներգրավումը ռազմական գործողություններին արգելված է:
06/09/2020
📓Ֆրանց Կաֆկա «Դատավարություն» (գերմ.՝ Der Prozess)
⠀
#ԳեղարվեստականԻրավաբանություն
⠀
Գրքի հակիրճ վերլուծություն: ⬇️
⠀
🔍Բովանդակությունը: Վաղ առավոտյան Յոզեֆ Կ.-ին արթնացնում են ու հայտարարում, որ ձերբակալված է, սակայն կարող է շարունակել իր բնականոն կյանքը: Արդեն տարօրինակ է. ձերբակալված է, բայց չգիտի, թե ինչ հանցանքի համար: Ոչ մի զարմանք, ոչ մի էմոցիա, ընդամենը մեկ հարց՝ «Բայց ի՞նչ պատճառով»: Իսկ ձերբակալողների կողմից չկա ոչ մի բացատրություն կամ իրավական փաստաթուղթ, որը կպարզաբանի ձերբակալման հիմքերը: Այս աբսուրդի թեթև նոտաները պատմության ողջ ընթացքում էլ ավելի են սրվում ու ընթերցողի մոտ անվերջ հարցեր առաջացնում, որոնց առնվազն կեսը հաստատ անպատասխան են մնալու: Կ.-ն, չզարմանալով, որ մեղադրվում է հանցանքի մեջ, այնուամենայնիվ անընդհատ փորձում է պարզել մեղադրանքի պատճառը, բայց կարծես ընկած լինի մի փակ շրջանի մեջ, որից ելք չկա. անվերջ քաշքշուկներ, բյուրոկրատիա և երկիմաստ պատասխաններ: Պատմության հերոսը ` մեղադրանքի հետ իր Հուսահատ համակերպվածությամբ պասիվ կամ թվացյալ պայքար է մղում անհասկանալի իրավական համակարգի դեմ: Իրավական համակարգ, որտեղ կանոններն ու գործունեության ոճը չեն տեղավորվում արդի իրավաբանական տրամաբանության մեջ:
⠀
⚠️Ի վերջո, «բուն դատավարությունը» ևս շատ տարօրինակ պայմաններում է ընթանում. մութ, անորոշ, անհասկանալի սրահում: Իսկ այս ամենի վերջաբանը կտրուկ է ու ողբերգական:
⠀
👁🗨Իրավաբանի աչքերով: Պատկերացնու՞մ եք այնպիսի իրավիճակ, որտեղ Ձեզ կասկածում են, բայց չգիտեք` ինչում, Ձեզ մեղադրում են, սակայն չեք կարող պաշտպանվել, չեք կարող հակափաստարկներ գտնել, անգամ սովորական «լռելու իրավունքից» չեք կարող օգտվել, որովհետև չգիտեք, թե ինչից պետք է պաշտպանվել, ինչ պետք է խոսել կամ ինչի մասին լռել: Չունեք ոչ մի դատավարական հստակ կարգավիճակ, իսկ դատավարությունն ընթանում է բացարձակ «անհասկանալի լեզվով» ու սկզբունքներով: Այս իրավիճակում «պաշտպանական կողմը» դառնում է մի միջանկյալ, վերացական կողմ, որը փաստացի զրկված է իր կարգավիճակով պայմանավորված իրավունքների շարքից և դրանց իրացման հնարավորությունից: Կա պատիժ (դրա մասին գրքի վերջաբանում), բայց կա՞ արդյոք հանցանք կամ եթե կա, արդյո՞ք պատիժը տվյալ դեպքում բխում է հանցանքից, արդարացի է ու համարժեք:
⠀
⁉️Ինչպես վերևում նշվեց, այս գիրքն ընթերցելիս յուրաքանչյուրի մոտ կառաջանան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն ամեն ընթերցող կգտնի իր ներսում՝ կախված աշխարհընկալումից ու մոտեցումներից:
31/07/2020
#ԻրավաբանականՏերմիններիԲառարան
«A priori» 🤔 «A posteriori»
Երկու տերմիններն էլ, ընդհանուր առմամբ, բնութագրում են հիմնավորումներ և եզրահանգումներ կատարելու, գիտելիքներ ստանալու եղանակներն ու ձևերը։
🔹 A priori [Լատիներեն ՝ նախկինում եղածից]
Այս տերմինը վերաբերում է այն գիտելիքներին, որոնք բխում են տեսական հիմնավորումներից, ոչ թե փաստացի դիտարկումներից կամ անձնական փորձառությունից։
Բառացի թարգմանաբար a priori նշանակում է նախնական, այսինքն՝ ենթադրություն, որը հիմնված է նախկինում տեղի ունեցած դեպքերի վրա և իրականացվել է դեդուկցիայի միջոցով։
🔹 A Posteriori [Լատիներեն ՝ հետևանքից մինչև պատճառ, պատահածից ավելի ուշ]
Այս տերմինի միջոցով բնութագրում ենք այն հիմնավորումները, որոնք բխում են փաստացի կատարված ուսումնասիրություններից, դիտարկումներից կամ փորձառությունից: Այսինքն՝ a posteriori-ն կիրառվում է այն գիտելիքները նկարագրելու համար, որոնք հիմնված են փաստերի վրա կամ բխում են դրանցից` ինդուկտիվ մեթոդի միջոցով:
🗯 Օրինակ.
Քանի որ աշխատանքային ժամ էր, իսկ Օլիվիան աշխատում է, քննիչը ենթադրեց, որ Օլիվիան այդ ժամին չէր կարող լինել սպանությունը տեղի ունենալու վայրում (A PRIORI ենթադրություն)։
Իսկ եթե քննիչը ստուգեր Օլիվիայի աշխատավայրում լինելու հանգամանքը սպանությունը տեղի ունենելու ժամանակ՝ տեսախցիկներում առկա նյութն ուսումնասիրելու կամ վկաներին հարցաքննելու միջոցով, և արդյունքում գար այն եզրահանգման, որ Օլիվիան դեպքը տեղի ունենալու ժամանակ եղել է աշխատավայրում, ապա այդ ենթադրությունը կլիներ A POSTERIORI:
📌Այսօր ավարտվեցին «Իմ առաջին քայլերն իրավաբանության մեջ» խորագրով եռօրյա դասընթացները մեր երկու խմբերի հետ:
Շնորհակալ ենք մասնակիցներին հետաքրքրվածության ու ակտիվության համար:
📝Յուրաքանչյուր դասընթաց ամփոփեցինք փոքր թեստային աշխատանքով և արդյունքերը հաճելիորեն զարմացրին մեզ:
🌱Կարևոր է նշել, որ հաշվի առնելով ներկայիս դրությունը` դասընթացներն անցկացվեցին բացօթյա և կանաչ միջավայրում, որը միայն դրական ազդեցություն ունեցավ ուսուցման որակի վրա:
🚩Նմանատիպ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և ընդգրկելու են մարդկանց ավելի լայն շրջանակներ: Ինչպես նաև, լինելու են տարբեր իրավական քննարկումներ, դեբատներ, իրավական խաղեր և այլ հետաքրքիր ուսուցողական միջոցառումներ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan